Որքան շատ են գումարներ հատկացվում աղբավայրերի կառուցման համար, խնդիրը, միևնույն է, չի լուծվում։ Օրերս հերթական անգամ ֆինանսների նախարարության առաջարկով կառավարությունը հաստատեց 24 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, որով նախատեսվում է կառուցել նոր աղբավայր։
Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոշոր ֆինանսներ են հատկացվում խնդրի լուծման համար, սակայն այսօր ունենք այն, ինչ ունենք։ Իսկ այն, ինչ ունենք, տխուր վիճակում է։ Վերջերս տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանը իր ֆեյսբուքյան էջում նկատել էր, որ թափոններով լի Նուբարաշենի աղբավայրը կովերի համար վերածվել է արոտավայրի։ Այն, որ աղբավայրերի բարձիթողի վիճակը բնապահպանական լուրջ խնդիր է առաջացնում, նորություն չէ։ Նորություն չէ նաև, որ այդ խնդիրները անուղղակի ձևով անդրադառնում են մարդկանց առողջության վրա` վերածվելով հանրային սպառնալիքի։
Ցավոք, նորություն չէ նաև այն, որ այս ամենի մասին քաջատեղյակ են պատկան մարմինները, բայց, ինչպես ասում են` մե՞ջն ինչ կա... Չէ, ամեն դեպքում դրա մեջ ինչ-որ բան կա. եթե նկատենք, որ աղբավայրերի կարգավորման համար միջազգային ֆինանսական կառույցներից պարբերաբար վարկային կամ դրամաշնորհային միջոցներ են ստացվում, ապա դրա մեջ հաստատ բան կա։ Գուցե հենց այդ «բանի» պատճառով է, որ խնդրի լուծումը ռետինի պես ձգվում է։ Չկա խնդիր, չկան միջազգային կառույցներից ստացվող փողեր։ Ո՞վ գիտե...
Մի բան հաստատ է` աղբավայրերի խնդրի կարգավորումն ավելի քան օրախնդիր է։ Եթե նկատենք, որ առանց այդ էլ օդի աղտոտվածությունը Հայաստանում բարձր տոկոս է կազմում, սրան էլ հավելենք հիվանդությունների քանակի աճը, ապա ակնհայտ է, որ այս խնդիրը ոչ միայն մայրաքաղաքում է արդիական, այլև բոլոր մարզերում։ Գուցե սրանով է պայմանավորված այն, որ աղբավայրերի խնդրի կարգավորման պատասխանատվությունը տարածքային կառավարման նախարարության ենթակայության տակ է։
Ֆինանսական միջոցները ֆինանսների նախարարության իրավասության շրջանակներում են, ինչից ելնելով էլ նախարարությունը փուլ առ փուլ ֆինանսները հատկացնում է տարածքային կառավարման նախարարությանը մինչև ծրագրի ամբողջական ավարտը։ Այս սկզբունքը այս տարի չէ, որ կիրառվում է, մի քանի տարի է, ինչ աղբավայրերի խնդրով զբաղվում են վերոնշյալ նախարարությունները։
Ի՞նչ ճակատագիր կունենա այս անգամվա 24 մլն դոլար արժողությամբ ծրագիրը, չենք ուզում կանխատեսել։ Բայց և այնպես նշենք, որ մինչ այս և՛ տարածքային կառավարման, և՛ ֆինանսների նախարարությունների «քրտնաջան» աշխատանքը դեռևս արդյունք չի տվել։ Մինչդեռ հետաքրքրական է, որ միջազգային կառույցները, չնայած այս հանգամանքին, շարունակում են ֆինանսավորել ծրագիրը։ Սա զարմանալի է, քանի որ սովորաբար արդյունավետ ծրագրերն են արժանանում շարունակական ֆինանսավորման։ Այս ամենից ելնելով, պետք է ենթադրել, որ աղբավայրերի կառուցման ծրագիրը իրականություն է դառնում զուտ թղթի վրա` հաշվետվության տեսքով։
Ասվածի ապացույցը հենց Նուբարաշենի աղբավայրն է, որի կառուցման համար պարբերաբար հատկացվել են լուրջ ֆինանսներ, բայց փաստը մնում է փաստ, որ իսկապես բաց տարածքում կովերի համար այն վերածվել է արոտավայրի և ոչ միայն կովերի, այլև տարբեր տեսակի կենդանիների համար։ Աղբի մեջ օգտակար բան փնտրողների թիվը ևս փոքր չէ` ուզում են տեսնել, թե ինչ է կառուցվել։ Գուցե այն, ինչ կառուցվել է, կառուցվել է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, մենք էլ անզեն աչքով չենք տեսնում ու անհիմն մեղադրում ենք «խեղճ ու կրակ» պատկան մարմիններին։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ